ԱՄՆ-ի քաղաքական ճնշումն է. Զախարովան՝ TikTok -ում հաշիվների արգելափակման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Զախարովայի խոսքով՝ պետք է հասնել նրան, որ այդ ալիքները վերադառնան հեռարձակման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբեր - Sputnik. «TikTok»-ում Sputnik-ի և RT International-ի հաշիվների արգելափակումը ոչ այլ ինչ է, քան ԱՄՆ-ի քաղաքական ճնշումը մի շարք երկրների և ընկերությունների վրա: Այս մասին Sputnik ռադիոյի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ TikTok–ը ջնջել է Sputnik-ի և RT International-ի հաշիվները ռուսական ԶԼՄ-ների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ֆոնին:
«Չկա ոչ մի դատական հայց, ոչ մի դատական որոշում, որը խոսի ինչ-որ պահանջների մասին։ Դա արդեն նույնիսկ ճաշակի հարց չէ, դա բացառապես ԱՄՆ-ի քաղաքական ճնշման մի մասն է, որը նրանք գործադրում են համապատասխան երկրների և ընկերությունների վրա», - ասել է նա։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ անհրաժեշտ է պարզել հանգամանքները և պնդել, որ այդ ալիքները վերադառնան հեռարձակման:
«Դժվար թե «TikTok» ընկերության ղեկավարին կանչեն Կոնգրես՝ պարզաբանելու, թե ինչու են անհետանում ռուսական ալիքները։ Նրանք օգտագործում են այս թեմաները միայն այն ժամանակ, երբ իրենց ձեռնտու է: Օրինակ` երբ նրանց պետք է ներքին լսարանին ցույց տալ, որ իրենք պայքարում են իրենց ընտրական գործընթացների արդարության համար, նրանք պատասխանատվության են կանչում «TikTok» -ի ղեկավարին։ Բայց ոչինչ չեն անում այս դեպքում, երբ արգելափակվում են լրատվամիջոցները», - ասել է նա։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 4-ին հայտարարել էր, որ պատժամիջոցներ է սահմանում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, նրա տեղակալներ Անտոն Անիսիմովի և Ելիզավետա Բրոդսկայայի նկատմամբ: Սև ցուցակում են հայտնվել նաև RT-ի տեղեկատվական հեռարձակման ղեկավար Անդրեյ Կիաշկոն, թվային մեդիանախագծերի բաժնի ղեկավար Կոնստանտին Կալաշնիկովը և հեռուստաալիքի մի շարք այլ աշխատակիցներ:
ԱՄՆ պետդեպարտամենտը խստացրել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և նրա դուստր ձեռնարկությունների աշխատանքի պայմանները՝ նրանց կարգավիճակը սահմանելով որպես «օտարերկրյա առաքելություններ»: Ինչպես սահմանված է օտարերկրյա առաքելությունների մասին օրենքով, նրանցից կպահանջվի գերատեսչությանը տեղեկացնել ԱՄՆ-ում աշխատող անձնակազմի և ունեցվածքի մասին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ի պատասխան «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների՝ Ռուսաստանի Դաշնությունում ամերիկյան լրատվամիջոցներից տեղեկատվության տարածումը կսահմանափակվի։