ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 4։1 հաշվով հաղթել է Մոլդովայի թիմին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Ֆուտզալի ազգային հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին անցկացրեց ընկերական երկրորդ հանդիպումը Մոլդովայի ընտրանու հետ։ Կողմերի միջև խաղն այս անգամ ավարտվեց 4:1 հաշվով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գոլերի հեղինակներ են դարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռաֆիկ Մելիքյանը (դուբլ), Դենիս Նևեդրովը և Միհրան Դերմենջյանը։ Մոլդովայի հավաքականից գոլի հեղինակ է դարձել Քրիստիան Օբադյան:
Նշենք, որ երկու ընտրանիների միջև առաջին հանդիպումը կայացել էր երեկ` սեպտեմբերի 24–ին։ Հայաստանի հավաքականը 9:1 հաշվով հաղթանակ էր գրանցել։