ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Թուրք արտահանողները պետական մարմիններին խնդրում են լուծել ՌԴ–ի հետ բիզնեսում առաջացած բանկային խնդիրները, որոնք առաջացել են ԱՄՆ–ի կիրառած պատժամիջոցների պատճառով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երկրի պետական բանկերից մեկի աղբյուրը։
«Մենք` պետական մարմիններս, դիմում ենք ստանում մեր արտահանողներից, որոնք անմիջականորեն բիզնես են վարում Ռուսաստանի հետ։ Փոխանցումներ ստանալու հետ կապված խնդիրներ կան։ Մեր կողմից հունվարից սկսած դիմել ենք համապատասխան պետական մարմիններին` խնդրելով լուծումներ գտնել այս իրավիճակից։ Դեռ լուծում չկա»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է նաև, որ այս պահին աջակցման համար արտահանողների խնդրանքի վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չկա։
ՌԻԱ Նովոստիին տեղական ֆինանսական շուկայի իրազեկ աղբյուրն էլ հայտնել է, որ Թուրքիայի բանկերն ԱՄՆ-ի կողմից ուժեղ ճնշում են զգում Ռուսաստանի հետ գործարքների պատճառով և պարբերաբար նախազգուշացումներ են ստանում փոխանցված միջոցների աղբյուրների խստագույն վերահսկողության անհրաժեշտության մասին։
Վերլուծաբան Սերհաթ Լատիֆօղլուն էլ ընդգծել է, որ թուրք արտահանողները տուժում են ՌԴ–ի դեմ կիրառվող ԱՄՆ–ի պատժամիջոցների և ճնշումների հետևանքով։ Էլեկտրոնիկայի, մետալուրգիայի և ավտոմոբիլաշինության ոլորտներում արտահանումը կրճատվել է 30%–ով։