ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանցի շախմատիստուհի Գյուլնար Մամեդովան երկրի կանանց հավաքականի ավագ, բելառուս մասնագետ Միխայիլ Շերեշևսկուն մեղադրել է իր նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մամեդովայի խոսքով՝ թիմի ավագն Ադրբեջանում իր աշխատելու հենց սկզբից իրեն չի վստահել, և դա ազդել է նրա հոգեբանական վիճակի և արդյունքների վրա:
«Նույնիսկ երբ հավաքականում ես վարկանիշով երկրորդն էի՝ նա ինձ ընկալում էր միայն որպես պահեստային խաղացող։ Իսկ այն բանից հետո, երբ սկսեցի կիրառել Շերեշևսկու և Տոմաշևսկու դեբյուտային մշակումները, վարկանիշս շատ կորցրեցի», - սոցցանցերում գրել է շախմատիստուհին։
Մամեդովան կարծում է, որ թիմի ավագն սկզբունքորեն իրեն թույլ չի տվել խաղալ Բուդապեշտում կայանալիք շախմատի 45-րդ Համաշխարհային օլիմպիադայում:
Նշենք, որ Ադրբեջանի կանանց հավաքականը գրավել է 15-րդ տեղը շախմատի օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 11-23-ին Հունգարիայի մայրաքաղաքում: