Օտարերկրացիների միջամտությունն ավելանում է. Պապուաշվիլին` Վրաստանի ընտրությունների մասին

Շալվա Պապուաշվիլի
Վրացական խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Վրաստանի ճակատագիրը պետք է որոշեն Վրաստանի քաղաքացիները, ոչ թե օտարերկրացիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ ընդդիմության սպասվող պարտության ֆոնին ուժեղանում է այլ երկրների միջամտությունը նախընտրական գործընթացներին: Նրա խոսքը մեջբերում է Sputnik Գրուզիան։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին և առաջին անգամ կանցկացվեն համամասնական ընտրակարգով` էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ:
Պապուաշվիլիի խոսքով` ընդդիմության նախընտրական քարոզարշավը կառուցվում է ատելության խոսքի վրա, և նրանց թուլության հետ մեկտեղ աճում է օտարերկրյա դերակատարների ակտիվությունը:
Վրաստանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ ընդդիմությանը սատարող օտարերկրյա քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարությունները, հարցազրույցներն ու հոդվածները ամեն օր են հայտնվում: Այդ նյութերն ակտիվ տարածում են ընդդիմադիր լրատվամիջոցները, ինչը, նրա խոսքով, խախտում է հավասար պայմանները նախընտրական պայքարում։
Նա մտահոգություն է հայտնել, որ արտասահմանյան միջամտությունը կարող է ընտրությունների արդյունքները շահարկելու և վրաց ժողովրդի քաղաքական ընտրության վրա ազդելու նպատակաուղղված փորձ լինել:
Խորհրդարանի նախագահը շեշտել է, որ երկրի ներքին գործերին միջամտելը հակասում է ժողովրդավարական արժեքներին և ինքնիշխանությանը: Նա հիշեցրել է, որ իշխանությանն ընտրելը Վրաստանի ժողովրդի իրավունքն է, ոչ թե օտար պետությունների։ Բացի այդ, Պապուաշվիլին արևմտյան գործընկերներին կոչ է արել զերծ մնալ միջամտությունից, որպեսզի ընտրություններն անցնեն ազատ և հավասար միջավայրում: