Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Արդեն 5–րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյունքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանը։
Դեպքը տեղի է ունեցել դասի ժամին, միջանցքում, երեխան խնդրել է ուսուցչից դուրս գալ` զուգարան գնալու համար, բայց հետ չի վերադարձել։
«5-րդ դասաժամն էր, ես փոխտնօրենի հետ միջանցքում էի, մի երեխա վազեց մեզ մոտ ու ասաց, որ Էլենը ընկավ։ Անմիջապես գնացինք, երեխան ընկած էր աստիճանների ներքևում։ Երեխան մի պահ աչքերը բացեց, ասեցի` լսում ես, գլխով արեց` այո, որից նա մի պահ ցնցվեց ու սկսեց չարձագանքել»,– ասաց տնօրենը։
Այս ընթացքում դպրոցից զանգել են նաև շտապ բուժօգնության ծառայություն ու երեխայի ծնողներին։ Նրան տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն, այնուհետև Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Ավելի ուշ տնօրենը փորձել է ճշտել, թե ինչ է տեղի ունեցել։ Հարցուփորձ է արել երեխաներին, 9-րդ դասարանի տղաները, որոնք այդ պահին այնտեղ են եղել, ասել են, որ սանհանգույցից դուրս գալուց տեսել են ընկնող աղջկան։
Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջկա ծնողները Վեդիից Երևան գնալիս վթարի են ենթարկվել
«Ուսուցչուհին սովորաբար այդ երեխային մենակ չէր թողնում գնալ։ Երեխան էտ օրը շատ հանգիստ է եղել, նորմալ է եղել, և ուսուցիչը թողել է նրան դուրս գալ։ Մենք ենթադրում ենք, որ ինչ-որ ձայն է լսել ներքևից, կռացել է, որ նայի, կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։ Վերևում այդ պահին աշակերտ չի եղել»,– պատմեց տնօրենը։
Նա տեղեկացրեց նաև, որ Էլենի հետ աշխատում է հոգեբան, նա երբեմն ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, բայց գրանցված չէ որպես կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցից 10-ամյա աղջիկ է հիվանդանոց տեղափոխվել։ Նա արդեն 5-րդ օրն է՝ կոմայի մեջ է։ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։