Կիևը չի կարողացել համոզել ԱՄՆ-ին, որ արևմտյան զենքով հարվածներ հասցնի ՌԴ-ի խորքը. ԶԼՄ

Ամերիկյան զենք
Ամերիկյան պարբերականը պնդում է, որ եվրոպացի որոշ զինվորականներ և դիվանագետներ համաձայն չեն ԱՄՆ–ի դիրքորոշմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ին չեն բավարարել Ուկրաինայի փաստարկները՝ կապված Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար Արևմուտքի սպառազինության օգտագործման թույլտվության հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, գրում է «Washington Post»-ը։
Ավելի վաղ «Politico»-ն, հղում անելով բրիտանացի մի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Կիևին նման թույլտվություն տրամադրելու մասին կարող են հայտարարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում:
«Սպիտակ տան և Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ուկրաինայի ղեկավարությունը չի կարողացել համոզիչ փաստարկներ ներկայացնել հօգուտ այն բանի, որ արևմտյան հրթիռների օգնությամբ Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելն էապես կփոխի հակամարտության ընթացքը հօգուտ Ուկրաինայի»,- ասվում է «Washington Post»-ի հոդվածում:
Թերթի տվյալներով՝ եվրոպացի որոշ զինվորականներ և դիվանագետներ համաձայն չեն ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ համարելով, որ Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու դեպքում ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի, քան ենթադրում են ամերիկյան իշխանությունները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են ոչ միայն Ուկրաինային հեռահար զենք տրամադրելու հնարավորությունը, այլև փաստացի որոշում են՝ արժե արդյոք ուղղակիորեն միջամտել հակամարտությանը:
Պուտինն ընդգծել է, որ Արևմուտքի ուղղակի մասնակցությունը կփոխի հակամարտության բնույթը, և Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել նոր սպառնալիքներին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի տարածքին հասցված հարվածների հետևանքների մասին Պուտինի նախազգուշացումները շատ պարզ են եղել և, անկասկած, հասել են հասցեատերերին: