Կանադայի խորհրդարանը կքննարկի Ջասթին Թրյուդոյին անվստահության հայտնելու հարցը

Ջասթին Թրյուդո
Քննարկումները կանցկացվեն հոկտեմբերի 1-ին, քվեարկությունը նշանակված է հաջորդ օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով «Global News» հեռուստաալիքին։
Այս հարցի շուրջ քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին, քվեարկությունը նշանակված հաջորդ օրը:
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, պահպանողականների նախաձեռնությունն ամենայն հավանականությամբ կձախողվի, քանի որ մյուս երկու ընդդիմադիր կուսակցությունները` Քվեբեկի դաշինքն ու Նոր Դեմոկրատական կուսակցությունը (ՆԴԿ), հայտարարել են, որ չեն աջակցի նրանց։
Սեպտեմբերի 4-ին ՆԴԿ առաջնորդ Ջագմիթ Սինգհը հայտարարել էր, որ լիբերալ կառավարությունը հիասթափեցրել է ժողովրդին և այլևս արժանի չէ իր կուսակցության վստահությանը: Այս հայտարարությունը հնչել է պահպանողականների ղեկավար Պիեռ Պուալևրի կոչից հետո, որը Թրյուդոյի կառավարությանը քննադատում է գների և կենսական ծախսերի բարձրացման համար` պնդելով, որ այդ խնդիրները լուծելու խոստումներն այդպես էլ չիրագործվեցին։
2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Կանադայի Լիբերալ կուսակցությունը չկարողացավ բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ 2022 թվականի մարտին լիբերալները համաձայնագիր կնքեցին ՆԴԿ-ի հետ, որը պարտավորվեց աջակցել նրանց առանցքային քվեարկություններում` իրենց նախաձեռնություններն առաջ մղելու դիմաց։ Սա Թրյուդոյին թույլ տվեց խուսափել իր կառավարությունը հեռացնելու պահպանողականների փորձերից: Կանադայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2025 թվականի հոկտեմբերին։