ՀՀ–ն ունի հստակ քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր. Միրզոյան

Նախօրեին Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Հայաստանի հասցեին հերթական մեղադրանքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, ինչին և ուղղված է եղել պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ–ի կողմից ներկայացված վերջին առաջարկը։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79–րդ նստաշրջանի շրջանակում Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ արտգործնախարարի հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ հնչել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո։ Ալիևը նախօրեին Հայաստանին մեղադրել է բանակցություններում ժամանակ «ձգձգելու» փորձի մեջ, նաև հայտարարել, որ Երևանի փոխանցած առաջարկների վերջին փաթեթում հանվել է 16 կետից 3–ը: Ալիևն այդ մոտեցումն անվանել է «պարզունակ»։
Մինչդեռ Միրզոյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրման Հայաստանի ձգտմանը նպաստել է համաձայնագրի նախագծի վերաբերյալ ՀՀ վերջին առաջարկը։
Նա նաև նշել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման Հայաստանի տեսլականը հիմնված է տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի, սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև տնտեսական փոխկապակցվածության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների վրա:
Հատկանշական է, որ Հայաստանն, ըստ էության, առաջին անգամ է խոսում փոխադարձ տնտեսական փոխկապակցավածության անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք` օգոստոսի 31–ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ստորագրել համաձայնագրի արդեն համաձայնեցված հոդվածները՝ վիճելի կետերը թողնելով հետագա քննարկման համար: Նա հայտնել էր, որ համաձայնեցվել է 16 հոդվածներից 13–ը։ Ավելի ուշ Բաքվում հայտարարել են, որ դեմ են «արագացված» ձևով ստորագրմանը։