ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին պարգևատրումներ կտրվեն իրենց կատարած արդյունավետ աշխատանքի համար։ Համապատասխան օրինագիծն այսօր քննարկվեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողի նիստի ժամանակ:
ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի խոսքով՝ դեռևս 2022 թվականի սեպտեմբերից ծառայությունում մեկնարկել է պարգևավճարների տրամադրման պիլոտային ծրագիրը, որը հաջողել է։
«Պիլոտային ծրագրի արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքի արդյունավետության հիման վրա պարգևավճարների տրամադրումը դրական ազդեցություն է ունեցել ծառայության աշխատանքի արդյունավետության վրա»,– ասաց Բալյանը:
Այդ իսկ պատճառով, ըստ նրա, ՀՀ արդարադատության նախարարությունում կարծում են, որ պիլոտային այս ծրագիրը պետք է ամրագրել օրենսդրորեն։
Ըստ փոխնախարարի` ծառայության հաստիքներն ընդհանուր առմամբ` առանց թափուր պաշտոնների, կազմում են 610 մարդ: Պարգևավճարները չեն վերաբերելու ծառայության ղեկավարին, նրա տեղակալներին և գլխավոր քարտուղարին:
Պարգևավճարների տարեկան առավելագույն բյուջեն կկազմի 500 մլն դրամ:
Ինչ վերաբերում է ծառայության ներկայիս աշխատավարձերին, ապա միջին հաշվով աշխատողները ստանում են մոտ 150–160 հազար դրամ։
Հանձնաժողովը նախագահին տվեց դրական եզրակացություն, և այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ: