Արևմուտքը թուրքական բիզնեսը շանտաժի է ենթարկում ՌԴ-ի հետ կապերի պատճառով. դեսպան

Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխով. Արխիվային լուսանկար
Ճնշումը զգացվում է նաև բանկային ոլորտում, սակայն, ինչպես ընդգծել է դեսպանը, ոչ բոլորն են ենթարկվում սպառնալիքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Արևմուտքը Ռուսաստանի հետ համագործակցող թուրք գործարարների նկատմամբ ակտիվորեն օգտագործում է սպառնալիքների, ճնշման և շանտաժի մեթոդներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։
Սեպտեմբերի կեսերից ԱՄՆ-ն խստացրել է վերահսկողությունը Ռուսաստանի հետ Թուրքիայի բանկային գործառնությունների նկատմամբ։ Թուրքական պետական բանկերից մեկի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ բանկային սեկտորին ամերիկյան ներկայացուցիչների գրություններում սպառնալի տոնայնություն է օգտագործվում:
Դեսպանը հաստատել է, որ գործարարները սպառնալիքներով զանգեր են ստանում օտարերկրյա դեսպանատների աշխատակիցներից:
«Շանտաժի մեթոդները վաղուց են մեր արևմտյան գործընկերները կիրառում իրենց պրակտիկայում։ Թուրք գործարարներին ուղղակիորեն զանգահարում են գրասենյակներ՝ զգուշացնելով. «Դուք հաշիվներ ունեք մեր բանկերում, և եթե համագործակցեք Ռուսաստանի հետ, կարող են խնդիրներ լինել», - ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ արևմտյան երկրների ներկայացուցիչները թուրքական ընկերությունների համար յուրօրինակ «թրեյնինգներ» են անցկացնում՝ ցույց տալով, թե ինչ հետևանքներ են սպասվում նրանց, ովքեր Ռուսաստանի հետ փոխգործակցության համար պատժամիջոցների տակ են ընկնում։
Երխովը նշել է, որ ճնշումը զգացվում է նաև բանկային ոլորտում, սակայն ընդգծել է, որ ոչ բոլորն են ենթարկվում սպառնալիքներին:
Թուրք արտահանողները խնդրում են լուծել պատժամիջոցների հետևանքով ՌԴ–ի հետ կապված խնդիրը
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է ուժեղացնել մի քանի տարի առաջ։ Մոսկվան նաև նշում է, որ պատժամիջոցները չեն հասել իրենց նպատակներին, իսկ Արևմուտքում ավելի ու ավելի հաճախ են ընդունում դրանց անարդյունավետությունը:
Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, որը, ի վերջո, հարվածում է համաշխարհային տնտեսությանը և վատթարացնում միլիոնավոր մարդկանց կյանքը: