ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուսումնասիրություն է իրականացնում Վեդիի դպրոցում 10-ամյա երեխայի հետ կապված միջադեպի առնչությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցից 10-ամյա աղջիկ է հիվանդանոց տեղափոխվել։ Նա արդեն 5-րդ օրն է՝ կոմայի մեջ է։ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։
«Նախարարությունը մտահոգիչ է համարում Վեդիի դպրոցներից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպը։ Միջադեպի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում` հաշվի առնելով ուսումնական գործընթացի կազմակերպման համար սահմանված կանոնները և ընթացակարգերը: Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ ուսուցման կազմակերպման գործընթացի հետ կապված բացթողումներ և թերացումներ են եղել, կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Երեխային մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,– նշեց տեղեկատվության բաժնի պետը։
Նրա խոսքով` ուսումնական գործընթացում անվտանգության կանոնների պահպանումը և այդ ուղղությամբ երեխաների հետ տարվող աշխատանքներում ուշադրության և զգոնության մեծացումը նախարարությունն առաջնահերթ խնդիր է համարում։
Մանուկյանը հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները դեպքի բոլոր հանգամանքները կուսումնասիրեն և կբացահայտեն։
Sputnik Արմենիային ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից էլ հայտնեցին, որ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ նույնպես ուսումնասիրություն է սկսվել:
«Պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ կհասցեագրվեն ներքին գործերի նախարարություն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Նշված գրություններով բարձրացված հարցերի համար հիմք են հանդիսացել նաև ԶԼՄ-ներով երեխայի վերաբերյալ ստացված տեղեկությունները»,– նշեցին ՄԻՊ աշխատակազմից:
Հիշեցնենք` Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել դասի ժամին, միջանցքում։ Երեխան խնդրել է ուսուցչից դուրս գալ` զուգարան գնալու համար, բայց չի վերադարձել։ Նրան ընկած տեսել է դպրոցի աշակերտներից մեկը։ Ըստ տնօրենի` ամենայն հավանականությամբ երեխան ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյունքում։
Աշակերտուհին միջադեպից հետո տեղափոխվել է «Վեդի» ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Վիճակը ծայրահեղ ծանր է, անկայուն, գիտակցություն չունի։ Աղջիկը ապարատներով է շնչում, վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկների հսկողության տակ է։ Հավելենք, որ Երևան գալու ճանապարհին 10–ամյա աղջկա ծնողներն այսօր վթարի են ենթարկվել։