ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում իր նորընտիր իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները: Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ–ները` վկայակոչելով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սա Էրդողանի և Փեզեշքեանի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր վերջինիս ընտրվելուց հետո։
Փակ դռների հետևում հանդիպումը տեղի է ունեցել թուրքական տանը։
Էրդողանը Փեզեշքիանին ասել է, որ կարևոր է քայլեր ձեռնարկել, որոնք կծառայեն խաղաղությանը` ընդդեմ տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող իսրայելական ագրեսիայի։
«Միջազգային հանրությունը պետք է ավելի բարձրացնի իր ձայնը միջազգային իրավունքի, դիվանագիտության և մարդու իրավունքների հիման վրա, որպեսզի հնարավորինս շուտ վերջ տա բռնությանը, որն Իսրայելն իրականացնում է պաղեստինյան և լիբանանյան տարածքներում»,– ասել է Էրդողանը Փեզեշքիանին։
Նա հավելել է, որ Թուրքիան մեծացնում է պաղեստինյան տարածքներում քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու իր ջանքերը։ Դա արվում է հատկապես Գազայում, որտեղ Իսրայելի կողմից զանգվածային սպանություններ են տեղի ունենում:
Խոսելով Թուրքիայի և Իրանի միջև պատմական ու մշակութային տարբերությունների մասին` Էրդողանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում։