Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին․ Էրդողան

Թուրքիայի նախագահը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի հաջողությունը դրական կազդի նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հույս ունենք, որ այդ գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մենք կլսենք բարի լուրեր»,- ասել է Էրդողանը:
Նա շեշտել է, որ Անկարան աջակցում է երկու երկրների միջև բարձր մակարդակի շփումների շարունակմանը և կարևորում է երկխոսությունը։ Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրները նույնպես ջանքեր են գործադրում կարգավորման համար։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հաջողությունը դրական ազդեցություն կունենա նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- շեշտել է Էրդողանը։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջից Երևանն ու Անկարան սկսել են բանակցություններ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ նշանակելով հատուկ ներկայացուցիչներ։
Անկարան կրկին պայման է դրել հայ–թուրքական սահմանը բացելու համար
2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս մնում է չլուծված։
Դիվանագետներն արդեն մի քանի հանդիպում են ունեցել, որոնցից վերջինը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին: