«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուսումնասիրություն է իրականացնում Վեդիի դպրոցում 10-ամյա երեխայի հետ կապված միջադեպի առնչությամբ»,-Sputnik Արմենիային հայտնել է նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը։
«Նախարարությունը մտահոգիչ է համարում Վեդիի դպրոցներից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպը։ Դեպքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում` հաշվի առնելով ուսումնական գործընթացի կազմակերպման համար սահմանված կանոնները և ընթացակարգերը: Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ ուսուցման կազմակերպման գործընթացի հետ կապված բացթողումներ և թերացումներ են եղել, կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Երեխային մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-նշեց Մանուկյանը։
Նրա խոսքով` ուսումնական գործընթացում անվտանգության կանոնների պահպանումը և այդ ուղղությամբ երեխաների հետ տարվող աշխատանքներում ուշադրության և զգոնության մեծացումը նախարարությունն առաջնահերթ խնդիր է համարում։