10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից՝ անզգուշության արդյունքում․Անդրեասյան

Sputnik
Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցում մարմնական վնասվածքներ ստացած 10-ամյա աղջնակի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, Sputnik Արմենիային հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
Աղջնակը «Վեդիի» բժշկական կենտրոնից «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել անգիտակից վիճակում։Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։
«Արդեն 5-րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից՝ անզգուշության արդյունքում»․ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանը։
Ըստ տնօրենի՝ դեպքը տեղի է ունեցել դասի ժամին, միջանցքում, երեխան խնդրել է ուսուցչից դուրս գալ` զուգարան գնալու համար ու չի վերադարձել։
«5-րդ դասաժամն էր, ես փոխտնօրենի հետ միջանցքում էի, մի երեխա վազեց մեզ մոտ ու ասաց, որ Էլենը ընկավ։ Անմիջապես գնացինք, երեխան ընկած էր աստիճանների ներքևում։ Երեխան մի պահ աչքերը բացեց, ասեցի` լսո՞ւմ ես, գլխով արեց` այո, որից նա մի պահ ցնցվեց ու սկսեց չարձագանքել»,-մանրամասնել է դպրոցի տնօրենը։