Եթե չեն ցանկանում վերացնել այդ դրույթը, ապա դա նշանակում է, որ այսօրվա իշխանությունները ցանկանում են վերարտադրվել 2026 թ.-ին.Մարուքյան

Sputnik
Այսօրվա իշխանության ներկայացուցիչները բազմիցս քննադատել ն նախկիններին, առ այն, որ նրանք մշակել են այնպիսի Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս վերարտադրել սեփական իշխանությունը։ Խոսքը Ազգային ժողովում կայուն մեծամասնություն կազմելու դրույթի մասին է։
Չնայած երբևէ հնչած քննադատություներին, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն օրերս մերժեց կայուն մեծամասնության երաշխիքի սահմանադրական կարգավորումը նախքան 2026 թվականի ընտրությունները վերացնելու առաջարկը:
Որոշմանը դեմ են արտահայտվել իշխանության և «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները։ Կարգավորումը վերացնելուն կողմ է «Լուսավոր Հայաստանը» կուսակցությունը։ Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության՝ եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50 տոկոսից ավելին և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կարողանում կազմել կոալիցիա, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը, և երկրորդ փուլի հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն՝ անկախ ընտրությունների առաջին փուլում իր ունեցած հանրային աջակցությունից:
Այսինքն` ընտրողների 25-ից 30 տոկոսի քվեները ստացած ուժը կարող է դառնալ խորհրդարանական մեծամասնություն ու միանձնյա ձևավորել կառավարություն: Ըստ այս կարգավորման ընդդիմախոսների` կայուն մեծամասնության սկզբունքը վերացնելու համար պետք է փոխել Սահմանադրության 89-րդ հոդվածը և ամրագրել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձևավորված և չի գումարվում անդրանիկ նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա, իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում, ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս, Հանրապետության նախագահը նշանակում է նոր ընտրություններ։
«Եթե չեն ցանկանում վերացնել կայուն մեծամասնության դրույթը, ապա դա նշանակում է, որ այսօրվա իշխանությունները ցանկանում են իշխանության ղեկին մնալ նաև 2026 թվականին».-Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանը։