ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանում կասեցվել է «Ավետյան Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող, Մաշտոցի 5 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, քանի որ այնտեղ վտանգավոր սննդամթերք է արտադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ որոշման համար հիմք են ծառայել քաղաքացու ահազանգի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում պատրաստի արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Պարզվել է, որ «Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս» և «Թանձրուկ Բարբիքյու» արտադրատեսակների և «Խոզի շաուրմա»-ի նմուշները չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
«Ավետյան Գրուպ» ՍՊԸ տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հանրային սննդի օբյեկտում արտադրվող նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։