ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրամարտիկ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան: Այս մասին նա հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում։
Նա նշել է, որ սպորտային կարիերան ավարտելու որոշման պատճառը ծնկների վնասվածքներն են:
«Երեք անգամ վիրահատել եմ ծունկս, սակայն դրանից հետո էլ ցավերը հետապնդում էին ինձ: Վերջնական որոշման համար բավականին ժամանակ ունեի և հիմա որոշեցի, որ առողջությունս առաջնահերթ է: Որոշումը շատ դժվար տրվեց ինձ: Միշտ ինձ սպորտում եմ տեսել, ու հիմա էլ հեշտ չի լինելու»,-ասել է Սամվել Գասպարյանը:
Նա հիշեցրել է, որ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելիս ևս ծնկի վնասվածքներ է ունեցել:
«Բնական է, որ ափսոսանք ունեմ, բայց սպորտից չեմ հեռանալու ամբողջապես: Գուցե կմնամ վարչական ոլորտում, դեռևս ոչինչ հստակ չէ»,-ասաց նա:
Սամվել Գասպարյանը 2021 և 2023 թվականների Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր է: Երեք անգամ (2019, 2022, 2024) դարձել է Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր, 2022 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: