Տեմպը թուլացել է, դեռ շատ բենզալցակայաններ պետք է դուրս գան. Տիգրան Ավինյանը մտահոգ է

Բենզալցակայան
Երևանի քաղաքապետը կոչ արեց խորհրդակցություն անցկացնել և չլուծված խնդիրների համար համալիր լուծումներ գտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանում մի շարք բենզալցակայանների ապամոնտաժման հետ կապված թվերը մտահոգիչ են, դրանց տեմպն էականորեն թուլացել է։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա ընթացքում շատ ինտենսիվ և մեծ ծավալով աշխատանք է արվել։ Քաղաքապետն ընդգծեց` թուլացած տեմպը պետք է վերականգնել։
«Իրականում, վստահ եմ, որ դեռ շատ աշխատանք կա անելու։ Կարծում եմ` շատ տեղեր կան, որտեղից բենզալցակայանները պետք է դուրս գան։ Այս շաբաթ խորհրդակցություն անցկացնենք միասին, որպեսզի հասկանանք, թե կետային դեպքերում ինչ խնդիրներ ունենք ու չլուծված հարցերի համար ինչ համալիր լուծումներ են պետք։ Գուցե գերատեսչություններից հավելյալ ուժեր են պետք, որպեսզի կարողանանք վերջնական լուծել»,– նշեց Ավինյանը։
Նրա խոսքով` իրավական առումով ամենապարզ գործերն արված են, հերթն արդեն ավելի բարդ գործերինն է։
Քաղաքապետի պնդմամբ` առանց նորմատիվային կանոնների պահպանման, Երևանում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի։
Հանրային տրանսպորտում սահմանափակումներ են պետք. Ավինյանը` նոր տոմսային համակարգի մասին