ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ–ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Սիդդարտա Դատտան այսօր քննարկել են առողջապահության ոլորտում Հայաստանին տրվող աջակցության հարցերը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատունը։
Ավելի վաղ ՌԴ դեսպանատնից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ՄԱԿ–ի մի շարք ծրագրերի իրականացմանը՝ շուրջ 40 մլն դոլար ընդհանուր բյուջեով: Այդ ծրագրերն ուղղված են ինչպես բնակչության առանձին սոցիալական խմբերի, այնպես էլ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի աջակցությանը: