ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Իր քաղաքականությամբ ՀՀ ղեկավարությունն առիթ է տալիս, ասես «օգնում» է Ադրբեջանին՝ չստորագրել խաղաղության պայմանագիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Երևանի հասցեին Իլհամ Ալիևի մեղադրանքները՝ իբր բանակցություններում ժամանակ ձգձգելու վերաբերյալ։
Ադրբեջանի նախագահն այսօր երկրի խորհրդարանում հայտարարել է, որ հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից: Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանին առաջարկել էր ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Այն ժամանակ նա հայտնել էր, որ համաձայնեցվել է 16 հոդվածներից 13-ը։ Ալիևի խոսքերից ստացվում է, որ Երևանն իր վերջին պատասխանում փոխանցել է 16 հոդվածներից 13-ը: Նա հայկական ղեկավարության գործողություններն անվանել է «ոչ ադեկվատ և պարզունակ» ։
Սուրենյանցն այս առնչությամբ նշել է, որ իր համար դժվար և տհաճ է դա գիտակցելը, բայց, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ասում է Ալիևը: Ասուլիսում Փաշինյանի հնչեցրած հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ Երևանն իսկապես երեք կետ է հանել։ Սակայն դիվանագիտության մեջ կա «ոսկե կանոն»՝ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ապա ոչինչ համաձայնեցված չէ։ Ըստ այդմ, Փաշինյանի գործողությունները համարժեքության տեսանկյունից բավականին վիճելի են թվում։
«Ես, իհարկե, ստեղծված իրավիճակը casus belli չեմ համարում։ Եթե կա առաջարկների փոխանակում, ապա, այսպես թե այնպես, կարող ենք խոսել բանակցային, դիվանագիտական գործընթացի մասին։ Բայց, ցավոք, մենք առիթ ենք տալիս, որ հակառակորդ երկրի ղեկավարը ոչ միայն մեզ ծաղրի, այլև պայմանագիրը չստորագրելու համար պատրվակ ստանա՝ գոնե այս փուլում։ Բաքուն, ինչպես գիտենք, հիմա պայմանագիր կնքելու հատուկ ցանկություն չունի։ Եվ Հայաստանի իշխանություններն իրենց ապաշնորհ քաղաքականությամբ «օգնում» են Ադրբեջանին խուսափել ստորագրելուց։ Ա՛յ սա արդեն հղի է նոր էսկալացիայով», - ասում է Սուրենյանցը։
Այս էսկալացիայի ակնարկը կարելի է հասկանալ Ադրբեջանի նախագահի՝ ռազմական հնարավորությունների ընդլայնման շարունակման մասին խոսքերից։ Գիտակցելով, որ Երևանի վրա կարելի է ճնշում գործադրել և նորանոր զիջումներ ստանալ՝ Ալիևը չի ցանկանում այս փուլում իրեն կաշկանդել որևէ փաստաթղթով՝ լինի դա խաղաղության պայմանագիր, թե շրջանակային համաձայնագիր։ Իսկ պայմանագիրը «կրճատված» ձևով ստորագրելը, ինչպես Երևանն է առաջարկում, այն դարձնում է հենց շրջանակային համաձայնագիր։
Սուրենյանցը հիշեցրել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքու են այցելել Արևմտյան հետախուզության երկու ղեկավարներ՝ Եվրոպայում և Եվրասիայում ԱՄՆ պաշտպանական հետախուզության վարչության ղեկավար Պատրիկ Պրիորը և բրիտանական MI6 ծառայության տնօրեն Ռիչարդ Մուրը: Դժվար է ասել, թե ինչ առաջարկներ են արվել Ալիևին և ինչ նախագծեր են քննարկվել Բաքվում, բայց ակնհայտ է, որ Բաքուն ոչ միայն չի զսպում իր ագրեսիվ տրամադրվածությունը, այլև օգտվելով Հայաստանի իշխանությունների անատամ քաղաքականությունից և նրանց մոտ օրակարգի բացակայությունից՝ գնալով ավելի հաստատակամ է դառնում։