«Նախկինների» «կայուն մեծամասնությունը» կապահովի ներկաների երկարակեցությունը

Եթե ասեմ, որ անցած շաբաթ Հայաստանի գործող իշխանությունները աննկատ ապահովեցին իրենց հաղթանակը հաջորդ խորհրդարանական ընտրություններում, գիտեմ, որ շատ-շատերը դա սովորական լրագրողական չափազանցություն կանվանեն։
Sputnik
Այդ դեպքում թույլ տվեք հեռվից սկսել։ Ոչ շատ հեռվից՝ 2015 թվանանից, երբ ընդունվեց մեր հարազատ Սահմանադրության հերթական փոփոխված տարբերակը։ Ինչու հերթակա՞ն։ Որովհետև այն ժամանակ արդեն գիտեինք՝ ամեն նոր նախագահ պարտադիր պետք է ունենա իր սեփական սահմանադրությունը։ Սակայն երրորդ նախագահի տարբերակը պարունակում էր պարզապես աննախադեպ մի դրույթ, որը մարդկության ողջ պատմության ընթացքում գործել է, կարծեմ, միայն Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիի օրոք։ Այո′, շատ ճիշտ եք, դա «պառլամենտական կայուն մեծամասնության» ֆանտաստիկ գաղափարն էր։
Պաշտոնազրկման փորձ. մեծամասնություն չունեցող խորհրդարանի հեռանկարը մեզ էլ է սպասում
Այդ իսկապես արտառոց դրույթի էությունը հաստատ շատերին հայտնի է, փորձեմ հնարավորինս համառոտ նկարագրել։ Խոսքն այն իրավիճակի մասին է, երբ ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ 50 տոկոսից ավելի ձայն չի ստանում։ Եվրոպայում դա շատ սովորական, բնականոն երևույթ է, որը ստիպում է կա′մ կոալիցիաներ կազմել, կա′մ նոր ընտրություն անցկանցնել։ Միայն վերջին տասնամյակները ընթացքում Իտալիայում, Հունաստանում, Իսրայելում և այլ երկրներում եղել է, երբ ամեն տարի ընտրություն է անցկացվել, նույնիսկ՝ տարին երկու անգամ։ Սակայն նրանք, ովքեր մշակում էին հայաստանյան սահմանադրոււթյունը, ասում էին՝ մենք հո իտալացի, հույն կամ հրեա՞ չենք, մենք մեզ չենք կարող նման շռայլություն թույլ տալ՝ 12 ամիսը մեկ նոր ընտրություններ անցկացնել։
Եվ սահմանադրության հայրերը, ավելի ճիշտ՝ սահմանադրական փոփոխությունների ծնողները հանճարեղ գաղափար հղացան՝ անկախ այն բանից, թե որ ուժը քանի ձայն կստանա, խորհրդարանը պետք է անպայման ունենա կայուն մեծամասնություն։ Պատկերացնո՞ւմ եք՝ շատ քիչ մարդ է ձեր օգտին ձայն տվել, ասենք, ընտրողների ընդամենը 10 տոկոսը, բայց քանի որ մնացածի օգտին ընդհանրապես 6-7 տոկոսն է քվեարկել, սկզբում մրցություն է կազմակերպվում, այսպես ասենք, վատերի մեջ երկու լավագույնների միջև, և այդ երկու լավագույններից առավել լավագույնը Նոբելյան մրցանակի կամ Օսկարի նման մի հոյակապ պարգև է ստանում՝ խորհրդարանի տեղերի 54 տոկոսը. այնինչ, հիշենք, այդ ուժի օգտին ի սկզբանե 10 հայաստանցիներից հազիվ մեկն էր քվեարկել։ Բայց հիմա արդեն դուք կարող եք հպարտությամբ հայտարարել՝ մեր օգտին ժողովրդի մեծ մասն է քվեարկել։
Երևի զգացել եք, որ այս պնդումը. «Մեր օգտին ժողովուրդն է քվեարկել», դարձել է ներկա իշխանությունների գլխավոր կարգախոսը։ Եվ դա ամենևին պատահական չէ։ Նախկինները իշխանությունը պահելու բազմաթիվ ու բազմապիսի հնարքներ ունեին՝ վարչական ռեսուրսից մինչև լցոնում։ Այդ փորձված եղանակներից մի քանիսը պատմության գիրկն են անցել, մի քանիսը այս կամ այն ձևով մնացել են, բայց առաջին պլան է մղվել մեծամասնության գործոնը։ Շատ կոնկրետ։
Հարցրեք իշխանությունների ցանկացած ներկայացուցչի՝ դուք կո՞ղմ եք, որ այդ մեղմ ասած տարօրինակ գաղափարը՝ կայուն մեծամասնություն, մնա նոր սահմանադրությունում։ Բոլորը կպատասխանեն՝ իհարկե, այդ հիմարությունը միանշանակ պետք է հանել, բայց… Ա′յ, էստեղ ուշադրությո′ւն… Պետք է հանել 2027 թվականին կայանալիք սահմանադրական հանրաքվեով։ Բայց ախր, բոլորս գիտենք, որ դրանից առաջ՝ 2026 թվականին, մեզ մոտ պետք է տեղի ունենան խորհրդարանի հերթական ընտրությունները։ Այսինքն, ասում են, իշխանական թիմի անդամները, թող կայուն մեծամասնության մասին դրույթը 26 թվականին վերջին անգամ գործի, հետո կվերացնենք։ Հենց նման որոշում էլ անցած շաբաթ ընդունեց նոր սահմանադրության նախագիծը քննարկելու համար ստեղծված խորհուրդը, որում մեծամասնություն են կազմում կա′մ իշխանության անմիջական ներկայացուցիչները, կա′մ իշխանություններին հարողներն ու սատարողները։
Ինձ թվում է, հիմա արդեն հինգերորդ դասարանի աշակերտն էլ է հասկացել, թե ինչու է ուզում իշխանական ուժը պահպանել կայուն մեծամասնության մասին տխրահռչակ դրույթը։ Շատ ճիշտ եք՝ միայն ու միայն ձեռքից գնացող իշխանությունը պահելու համար։ Իշխող կուսակցության վարկանիշը ցածր է։ Ես չեմ ասում։ Ցավոք, մենք սոցիոլոգիա չունենք, դրա պատճառով էլ դրսի սոցիոլոգիական ծառայությունների հետ կապված կազմակերպությունների տվյալներից ենք օգտվում, իսկ «Գելափի» և ԱՄՆ-ի միջազգային հանրապետական ինստիտուտի այս տարվա տվյալները շատ էլ չեն տարբերվում։
Հրայր Թովմասյանի դեմ անավարտ պատերազմը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը
Ըստ դրանց, եթե ընտրությունները կայանային հենց հիմա, Հայաստանի իշխող կուսակցության օգտին կքվեարկեր հարցվածների 17-ից 23 տոկոսը։ Բայց մնացած ուժերի վարկանիշը մի քանի անգամ ավելի ցածր է՝ 4 տոկոսից չի անցնում։ Այսինքն, տեսե′ք, թե ինչ է կատարվելու 2026 թվականի ընտրությունների ժամանակ։ Եթե այս միտումը շարունակվի, իշխող կուսակցության վարկանիշը կիջնի, ասենք, մինչև 15 տոկոս։ Ենթադրենք, թե ընդդիմադիր որևէ ուժի, օրինակ, Վարդան Ղուկասյանի ԴՈԿ-ի հեղինակությունը կաճի ավելի քան երկու անգամ և կհասնի 8 տոկոսի։ Միևնույն է, երկրորդ փուլում կհաղթի այն ուժը, որի վարկանիշը երկու անգամ բարձր է։ Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» հսկայական բոնուս կստանա և կրկին կունենա խորհրդարանում կայուն մեծամասնություն։
Ահա այսպես «նախկինների» ամրագրած օրենսդրական հիմարությունը թույլ կտա ներկա իշխանությանը և նրա առաջնորդին ղեկավարել երկիրը ևս 5 տարի։ Եթե, իհարկե, ինչ-որ արտառոց բան չպատահի։