Խուլերը խոսում են, պարզապես ժեստերի լեզվով. Զուբեյդա Մելիքյան

Ժեստերի լեզվի ուսուցիչը նշեց` «խուլ ու համր» տարածված ձևակերպումը սխալ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Աշխարհում կա ավելի քան 300 ժեստերի լեզու, գոյություն ունի «Ժեստոնո» միջազգային լեզվի բառարանը, որում ներառված 1500 ժեստ, սակայն հայերենում այն առանձնանում է իր հարուստ բառարանով։ Օրվա առթիվ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց ժեստերի լեզվի ուսուցիչ Զուբեյդա Մելիքյանը։
Մելիքյանին ամենահաճախ տրվող հարցն է` արդյոք ժեստերի լեզուն միջազգային է։ Իրականում թեպետ յուրաքանչյուր ազգն ունի իր լեզուն, սակայն բոլոր ազգերի խուլերն իրար հասկանում են։
«Մարդիկ կան, ովքեր ասում են` վա՜յ, ափսոս, թող մի հատ լինի այդ լեզուն, բոլորը խոսեն ու հասկանան այդ լեզվով, բայց սա վկայում է այն մասին, որ ժեստերի լեզուն հարուստ է, որ ցանկացած ազգ ունի իր լեզուն։ Ովքեր ուզում են տիրապետել այդ լեզվին, պետք է սովորեն միջազգային ժեստերի լեզուն, խոսեն, շփվեն։ Ավելի շատ մարդիկ սովորում են ամերիկյանը։ ՀՀ–ում էլ են խուլերն այդ լեզուն օգտագործում, սոցցանցերից սովորում են միջազգային ժեստերի լեզուն ու փորձում են բառապաշարի մեջ օգտագործել իրենց ազգայինի հետ»,–ասաց նա։
Մելիքյանն ընդգծեց` հայկականը տարբերվում է։ Նախ` հայերեն ժեստերի լեզվի հիմքը ռուսերեն բառարանն է։ Եվ բացի դա, արդեն իսկ ապացուցվել է, որ հայերենն ավելի հարուստ է ժեստերով, քան մատնախոսությամբ (երբ որևէ բառին համարժեք ժեստ չի լինում, խուլերը մատնախոսում են)։
«Այս լեզուն ունի իր ձևաբանությունը, քերականությունը, ունի հոմանիշներն ու հականիշները: Չկա այդպիսի բան, որ չթարգմանվի։ Ավելին` այդ լեզվով կարելի է ասել ավելին, քան` սովորական խոսքով։ Կա դիմախաղ, ամբողջ մարմինն է մասնակցում»,–հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Հայաստանում ստեղծել են սարքի նախատիպ, որը կօգնի խուլ ու համրերին սովորել և աշխատել
Ինքը` Մելիքյանը ժեստերի լեզվի ուսուցիչ է դարձել հանգամանքների բերումով։
«Իմ ծնողները խուլ են, ես ծնվել եմ խուլերի ընտանիքում, մանկուց խոսել եմ ժեստերի լեզվով, բայց չեմ գիտակցել, չեմ զգացել տարբերությունը, որ ես պետք է խոսեմ նաև։ Ես առաջին անգամ իմ մայրիկի հետ խոսել եմ ժեստերի լեզվով։ Բայց նաև լսելով հասարակությանը իմ ընկերներին շրջապատին սովորել եմ նաև մյուս լեզուն»,–նշեց նա։
Ի դեպ, Մելիքյանն ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է եղել 2000 թվականին, որ ժեստերի լեզուն ներառել է դպրոցում որպես առարկա («Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»-խմբ.), ինքն էլ եղել է առաջին ուսուցիչը։
Անդրադռանալով «խուլ ու համր» տարածված ձևակերպմանը՝ Մելիքյանը հիշեցրեց, որ 1958 թվականին խուլերի համաշխարհային ֆեդերացիայի կազմակերպության երկրորդ համաժողովում որոշվեց, որ «համր» տերմինը դուրս է գալիս գործածությունից։
«Չնայած դրան մինչև այժմ մարդիկ օգտագործում են։ Դա սխալ է, քանի որ նրանք խոսք ունեն` ժեստային լեզվով խոսում են»,–ամփոփեց խոսքը Մելիքյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 23-ը նշվում է որպես Ժեստերի լեզուների միջազգային օր (International Day of Sign Languages), որի նպատակն է ուշադրություն հրավիրել այդ լեզուների նշանակության վրա խուլ և թույլ լսող միլիոնավոր մարդկանց համար: Միջազգային օրը հռչակվել է 2017 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։