Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահը, կինը և դուստրը հրավիրվել են դատախազություն

Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանը. Արխիվային լուսանկար
Ներկայում Լևոն Յոլյանին, Անուշ Ասլանյանին և Մերի Յոլյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանին, նրա կնոջը` Անուշ Ասլանյանին և Մերի Յոլյանին հրավիրել են ՀՀ դատախազություն։ Տեղեկությունը հրապարակված է պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» համակարգից։
Ըստ հրապարակման` նրանք ՀՀ դատախազություն են հրավիրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։
Ծանուցման համաձայն` նրանց պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում, որի արդյունքում ամփոփագիր է կազմվել։
Լևոն Յոլյանը պետք է դատախազություն ներկայանան հոկտեմբերի 3-ին` ժամը 10։30-ին, Անուշ Ասլանյանը` 10։50-ին, իսկ Մերի Յոլյանը` 11։10-ին։