ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայկական 4 ՍՊԸ–ների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ հարկերից խուսափելու դեպքով պետությանը պատճառված շուրջ 141 մլն դրամ վնասից վերականգնվել է 109 մլն դրամը։Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ «Ա.Տ.», «Ա.», «Հ.Վ.» և «Ս.» ՍՊԸ–ները 2021–2022 թթ. ընթացքում պարբերաբար Վրաստանից ձեռք են բերել և ՀՀ տարածք ներմուծել ապրանքներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացրել են որպես ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքներ։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ընկերությունները կատարել են 16 ներմուծում և որպես ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծում` հայտարարագրել են ընդհանուր ավելի քան 285 մլն դրամ ինվոյսային արժեք, որից հաշվարկվել է ընդհանուր մոտ 36 մլն դրամ ներմուծման ԱԱՀ։
«Մինչդեռ փաստացի ներմուծված ապրանքների արժեքը` Վրաստանում ձեռք բերված հաշիվ–ապրանքագրերի համաձայն, կազմել է ընդհանուր մոտ 783 մլն դրամ, որից պետք է հաշվարկվեր և պետական բյուջե վճարվեր ընդհանուր մոտ 177 մլն դրամ մաքսային վճար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշյալ 4 ընկերությունների կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է ընդհանուր մոտ 141 դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։