ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Ըստ Իրանի մաքսային վարչակազմի հաշվետվության՝ Հիջրայի առաջին 5 ամսվա (իսլամական օրացույց, որը ներառում է տարվա մարտի 20-ից մինչև օգոստոսի 21-ի ժամանակահատվածը – խմբ․) կտրվածքով ընդլայնված տարածաշրջանում Հայաստանն Իրանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում, հայտնում է Tehran Times-ը։
Նավթագազային հատվածի հետ առնչություն չունեցող առևտրի ծավալն այս ամիսների ընթացքում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) աճել է 6 %-ով՝ հասնելով մոտ 192 մլն դոլարի, ասվում է հաղորդագրության մեջ: Համեմատության համար նշվում է, որ առևտրի ծավալով Ղազախստանը դարձել Է տարածաշրջանում Իրանի 17-րդ գործընկերը:
Նշվում է, որ վերջին մի քանի ամիսներին Իրանն ու Հայաստանն ակտիվացրել են տնտեսական կապերը։ Փետրվարին Թեհրանում տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվել է շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ, նույն այդ ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ երկու երկրները կարող են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի։
Հավելենք, որ երկար տարիներ Իրանն անփոփոխ գտնվում է Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում։ 2023 թվականի առաջին կիսամյակում երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 323 մլն դոլար։ Ճիշտ է, Հայաստանից արտահանմանը բաժին է ընկել ընդամենը մոտ 53 մլն դոլար, այն էլ հիմնականում՝ իրանական գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման հաշվին։