ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում 2 հոգով առևանգել են մի կնոջ և բռնության ենթարկել նրան ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին։
35-ամյա Մ․ Ա․-ն ժամը 20:00-ի սահմաններում իր մտերիմ Ա․ Պ․-ի հետ «Տոյոտա Քեմրի»-ով գնացել են տուժող կնոջ՝ Ղափանցյան փողոցում գտնվող շենքի բակ և ավտոմեքենայում սպասել նրան։ Կինը տաքսիով բակ է եկել, դուրս է եկել ավտոմեքենայից, դրանից հետո Մ․Ա․-ն, մազերից քաշելով և քարշ տալով, տուժողին նստեցրել է «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենան։ Տուժողին բռնությամբ ավտոմեքենան նստեցնելուց հետո Մ․ Ա․-ն ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխի և մեջքի հատվածներին, նստել է ոտքերին, ձեռքերով սեղմել պարանոցը։
Որոշ տարածք անցնելուց հետո ավտոմեքենան կանգ է առել և տուժողը բացել է մեքենայի դուռն ու նետվել ավտոմեքենայից, փորձել է փախուստի դիմել։ Սակայն Մ․Ա․-ն ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, քարշ տվել դեպի ավտոմեքենայի հետևի աջ հատվածը, փորձել կրկին մտցնել ավտոմեքենայի սրահ՝ ևս 2 անգամ ձեռքով հարվածելով նրա ծոծրակային հատվածին:
Այդուհանդերձ, տուժողին հաջողվել է փախչել և պատսպարվել մոտակա առանձնատներից մեկում, զանգահարել ոստիկանություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել և զննության է ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունը։ Հարցաքննվել են անձինք։
Սեպտեմբերի 18-ին 35-ամյա Մ․Ա․-ն հայտնաբերվել է, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և ձերբակալվել։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործությունը) 1-ին մասով և 191-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 5-րդ կետով։ Դատարանի որոշմամբ տղամարդը կալանավորվել է։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա․ Պ․-ի նկատմամբ։ Քննիչի կողմից կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում։