ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Sabah» թերթին:
«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և մեծ մասին կընդունի Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշ համարվող «Թուրքական տանը» (շենքը գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց. խմբ.): Նրանց թվում են Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ Սուդանին, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխուֆը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը,Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը»,- գրում է պարբերականը։
Ավելի վաղ «Anadolu» գործակալությունը հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Թուրքիայի ղեկավարի ելույթի գլխավոր թեման կդառնա Գազայում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք` ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նա Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ է ունենալու Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Ըստ հաղորդագրության` այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: