ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ ամերիկյան պատժամիջոցները խաթարում են Անկարայի վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
«Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ սահմանափակող միջոցները, որոնք կիրառել է մեր դաշնակից Վաշինգտոնը, բացասաբար են ազդում ԱՄՆ-ի նկատմամբ մեր վստահության վրա», - նշել է Թուրքիայի առաջնորդը:
Էրդողանը հավելել է, որ ամերիկյան CAATSA օրենքի համաձայն սահմանված պատժամիջոցները և F-35 կործանիչների ծրագրից Անկարային հանելը «հակասում են ՆԱՏՕ-ի ոգուն»:
Cumhuriyet թերթը, հղում անելով իր աղբյուրներին, օգոստոսի 28-ին հայտնել էր, որ Թուրքիան որոշել է հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներից՝ ամերիկյան F-16 կործանիչներ գնելու համար: Ենթադրվում է, որ այդ ինքնաթիռները թուրքական կողմին պետք են Հունաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։