ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում պահվող, ազատությունից զրկված էթնիկ հայերի հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների և երաշխիքների կոպտագույն խախտումներով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` անդրադառնալով 2023 թ. սեպտեմբերի 24–30–ի իրադարձություններին, երբ ավելի քան 100 հազար էթնիկ հայ բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղից:
«Ադրբեջանում պահվող, ազատությունից զրկված էթնիկ հայերի նկատմամբ ատելության մթնոլորտի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում նրանց հիմնարար իրավունքներն Ադրբեջանում չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործերի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։
Ըստ նրա` կարևոր է, որպեսզի բոլոր դերակատարներն, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային դերակատարները, ակտիվ ջանքեր գործադրեն Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքները երաշխավորելու և նրանց վերադարձն ապահովելու ուղղությամբ։
Մանասյանը շեշտել է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքները նաև գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու ու նրանց ընտանիքների իրավունքներն ապահովելու ուղղությամբ։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը` նա նշել է, որ այն մնում է ՄԻՊ հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը:
«Չնայած տեղահանված անձանց կյանքի որակը բարելավելու և նրանց իրավունքները լիարժեքորեն վերականգնելու ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքներին՝ ոլորտում անելիքները դեռ շատ են։ Չափազանց կարևոր է մեր հայրենակիցներին ցույց տալ, որ իրենք մենակ չեն, գտնվում են պետության և յուրաքանչյուրիս ուշադրության ներքո և իրենց իրավունքների պաշտպանության համար գործում են հստակ կառուցակարգեր»,– ընդգծել է Մանասյանը։
Վերջում նա կոչ է անում համախմբվել և աջակցել միմյանց՝ իրար հանդեպ կարեկցանքի, համերաշխության և միասնության ոգով:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։