ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Փոշեկլանիչ ցանցերի գործածման կարգի մասին դրույթները շատ մանրամասն պետք է գրել, որպեսզի նույնիսկ երեխաները հասկանան։ Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Ես վերջերս տեսանյութ էի նայում, երբ որոշ շինարարներ ասում էին, թե Երևանի քաղաքապետարանը հստակ չի ասել ցանցերը կախելու կարգը, դրա համար ճիշտ չեն կարողանում գործածել դրանք։ Մեր բոլոր շինարարները պետք է կարդալով հստակ հասկանան բոլոր նախադասությունները, թե ինչ պետք է անել, խնդրում եմ` գրեք այնքան մանրամասն, որ նույնիսկ մանկահասակ երեխաները կարողանան հասկանալ»,– նշեց Ավինյանը։
Նա շեշտեց` շատ դեպքերի է ականատես եղել, երբ շինարարները կարողացել են «առանց կարգի հստակության» ճիշտ ձևով կախել փոշեկլանիչ ցանցերը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Երևանի ավագանու որոշմամբ շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ են սահմանվել։ Ըստ դրա` շինհրապարակի ողջ տարածքում` տեսանելի վայրերում, պետք է կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ տեղադրել։ Քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի` օգտագործելով մետաղական ճաղավանդակներից պատրաստված առնվազն 1.5 մետր բարձրությամբ ժամանակավոր պատնեշներ` լուսանդրադարձից նյութերով և լուսատու սարքերով։
Այսուհետև պարտադիր է նաև ասֆալտի կտրվածքի ամբողջ պարագծով իրականացնել բիտումապոլիմերային մածիկի տեղադրում։