Նախկինների դեմ դատավարությունների շարքում նոր դատավճիռ կայացվեց` Սահմանադրական դատարանի դատավոր, նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։ Նա մեղավոր ճանաչվեց երկու դրվագով, բայց ազատվեց պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Նման դտավճիռներ կայացվեցին նաև բազմաթիվ այլ նախկինների գործերով։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Գագիկ Բեգլարյանը, Հովիկ Աբրահամյանն ու նրա եղբայրը չպատժվեցին։
Վլադիմիր Գասպարյանը հոդվածներից մեկով մեղավոր ճանաչվեց, բայց համաներման ենթարկվեց։ Լևոն Երանոսյանը դատապարտվեց ազատազրկման, բայց նրա նկատմամբ ևս գործեց համաներումը։ Սերժ Սարգսյանն արդարացվեց, Ռոբերտ Քոչարյանն էլ, թեև մեկուկես տարի անցկացրեց բանտում, բայց դատարանի որոշմամբ ազատվեց պատասխանատվությունից։ Բարձրագույն Դատական Խորհուրդը հետո դադարեցրեց Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները` մեղադրելով նրան դատական նիստերը ձգձգելու և դատական իշխանությունը հեղինակազրկելու մեջ։ Մարտի 1-ի գործով հիմա հաստատ նոր դատավարություն կսկսվի։
Մի խոսքով` շոուն կշարունակվի։ Մանավանդ նախընտրական շրջանում ամենայն հավանականությամբ, մեզ սպասվում է «Արմեղ մեղավորները» սերիալի նոր եթերաշրջան։ Թեմայի շուրջ զրուցել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։