Ուկրաինայի ԶՈւ-ն մեկ օրում շուրջ 180 անգամ հարձակվել է Բելգորոդի մարզի վրա. մարզպետ

Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ընդհանուր առմամբ արձակվել է 145 արկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում շուրջ 180 անգամ գնդակոծել և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Բելգորոդի մարզի 9 շրջանների վրա, մեկ մարդ տուժել է: Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տվյալներով՝ սեպտեմբերի 21-ին Ուկրաինայի կողմից հարձակման է ենթարկվել 36 բնակավայր։ Ընդհանուր առմամբ արձակվել է 145 արկ, արձանագրվել է 34 հարձակում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Հաշվետու օրվա ընթացքում տարբեր ավերածություններ են հայտնաբերվել երկու բազմաբնակարան շենքերում, 10 առանձնատներում, երկու ավտոմեքենաներում, կապի երկու ենթակառուցվածքային օբյեկտներում, ինչպես նաև վնասվել են արդյունաբերական և առևտրային ձեռնարկությունների շինություններ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: