«Հըզբոլլահը» փեյջերներով ահաբեկչությանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելի ՌԱՀ-ին

Այդ համալիրում մշակվում են ռազմական նշանակության էլեկտրոնային սարքեր, նշվում է հայտարարության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. «Հըզբոլլահ» շարժման մարտիկները, ի պատասխան Լիբանանում կապի սարքերի պայթյունների, հրթիռային հարված են հասցրել իսրայելական Հայֆայից հյուսիս գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրին։ Այդ մասին ասվում է շարժման մամուլի ծառայության հայտարարությունում։
«Ի պատասխան Լիբանանի տարբեր շրջաններում թշնամական Իսրայելի կազմակերպած սպանդի՝ իսլամական դիմադրության մարտիկները «Ֆադի-1», «Ֆադի-2» և «Կատյուշա» հրթիռներով հարվածել են «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրին, որը գտնվում է Հայֆայի հյուսիսում՝ «Զվուլունում»,- հայտարարել է շարժումը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ այդ համալիրում մշակվում են ռազմական նշանակության էլեկտրոնային սարքեր։
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում պայթել են կապի միջոցներ, ներառյալ փեյջերներ և ռադիոկապի միջոցներ: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, ավելի քան 3000-ը վիրավորվել են: Առայժմ անհայտ է, թե ինչն է հանդիսացել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառը: «Հզբոլլահն» ու Լիբանանի իշխանությունները տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։