Գլխավոր դատախազը պետք է Նիկոլ Փաշինյանը դեմ քրեական գործ հարուցի. Կիմ Բալայան

Բալայանի խոսքով` ՀՀ վարչապետի գործողությունները պետք է իրավական հետևանքներ ունենային նրա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազը պետք է քրական գործ հարուցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության մեղադրանքով։ Այս մասին Մարզահամերգային համալիրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը։
«Այս իշխանությունները հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններ են իրականացնում։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը պետական դավաճանություն էր»,–ասաց Բալայանը։
Նրա խոսքով` այդ ամենը հանգեցրեց Արցախից հայերի զանգվածային տեղահանմանը։
«ՀՀ վարչապետի գործողությունները պետք է իրավական հետևանքներ ունենային նրա համար։ Օրենք ասում է` 1992 թվականի հուլիսի 8–ին մենք Գերագույն խորհրդով ընդունել ենք որոշում, որ ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի Լեռնային Ղարաբաղը ճանաչել այլ հանրապետության կազմում։ Նիկոլ Փաշինյանը դա արեց, ինչո՞ւ քրեական գործ չհարուցվեց»,- լրագրողներին ասաց Բալայանը։
Նա ընդգծեց, որ ժողովուրդն ապստամբության իրավունք ունի և կարող է ապստամբել այս անօրինական ռեժիմի դեմ։
Ի դեպ, հավելենք, որ Կիմ Բալայանի որդին՝ Տիգրան Բալայանը, Բելգիայում գործող դեսպանն է և ՀՀ ներկայացուցիչն է Եվրամիությունում։ «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժմանը միացած իրավաբանն այս առնչությամբ խոստովանեց, որ ինքը չէր ցանկանա, որ որդին աշխատեր այդ համակարգում, բայց դա բացառապես իր գործն է:
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հավաք է անցկացնում Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում։