Ֆրանսիայի նոր կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել

Հայ նախարարներից մեկը կհամակարգի աշխատանքի և զբաղվածության ոլորտը, մյուսը` քաղաքացիական ծառայության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik․ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն հրապարակել է երկրի նոր կառավարության կազմը, որում 2 հայ նախարար կլինի։ Այս մասին գրում է francetvinfo–ն։
Նշվում է, որ Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։
Գիյոմ Կասպարյան
Ժան-Նոել Բարոն նշանակվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, Սեբաստյան Լեկորնուն՝ Զինված ուժերի և վետերանների գործերի նախարար, իսկ Ռաչիդա Դատին՝ մշակույթի նախարար։
Դիդյե Միգոն դարձել է Ֆրանսիայի արդարադատության նախարար, իսկ Բրունո Ռետալյոն՝ ՆԳՆ ղեկավար:
Սեպտեմբերի 5-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից 60 օր անց, Մակրոնը կառավարության նոր ղեկավար է նշանակել 73-ամյա Բարնեին: Նա այս պաշտոնում ամենատարեց քաղաքական գործիչն է դարձել փոխարինելով Հինգերորդ հանրապետության ամենաերիտասարդ վարչապետին` 35-ամյա Գաբրիել Ատալին:
Դրանից առաջ Մակրոնը բացառել էր ձևավորվող կառավարությանը «Նոր Ժողովրդական ճակատ» ձախական կոալիցիայի մասնակցության հնարավորությունը, թեև կոալիցիան հաղթել էր խորհրդարանի արտահերթ ընտրություններում՝ ստանալով երկրի Ազգային ժողովի 577 տեղից 182-ը։
Նա պարզաբանել էր, որ այդ որոշումն ընդունվել է «ինստիտուցիոնալ կայունության» շահերից ելնելով, քանի որ կուսակցությունների առաջնորդների հետ նախագահի խորհրդակցությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ ձախերի կառավարությանը անմիջապես անվստահության քվե են հայտնելու: