Ավարտվեց շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան

Գերմանիայի թիմի հետ մրցավեճում Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաղթեցին, իսկ Մարիամ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի, Sputnik - Խաչիկ Չախոյան. Բուդապեշտում անցկացված շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի վերջին տուրում ՀՀ տղամարդկանց հավաքականը մրցեց Իրանի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականի մրցակիցն էր Գերմանիայի քառյակը:

Տղամարդկանց թիմը 2,5։1,5 հաշվով պարտության մատնեց Իրանի հավաքականին։ Հայկ Մարտիրոսյանը առավելության հասավ Պարհամ Մաղսուդլուի նկատմամբ , Կարեն Գրիգորյանը պարտության մատնեց Սինա Մովահեդին,Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց։ Այսպիսով Հայաստանի հավաքականը վաստակեց 17 միավոր, նույնքան միավոր ունեն ևս չորս թիմ, բայց լրացուցիչ գործակիցներով հավասար միավոր ունենալով երկրորդ տեղը զբաղեցրած Ուզբեկստանի թիմի հետ՝ ՀՀ հավաքականը զբաղեցրեց 6-րդ տեղը։

Վերջին տուրում հաղթանակ տոնեց նաև կանանց մեր հավաքականը։ Գերմանիայի թիմի հետ մրցավեճում Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաղթեցին, իսկ Մարիամ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղացին։ Հաղթելով 3։1 հաշվով՝ մեր թիմը զբաղեցրեց 5-րդ տեղը։ Այստեղ էլ կանանց մեր հավաքականը մրցանակային եռյակից դուրս մնաց միայն լրացուցիչ գործակիցների հաշվարկով, հավասար 17 միավոր վաստակելով երրորդ տեղը զբաղեցրած Միացյալ նահանգների հավաքականի հետ։
Եվ տղամարդկանց, և կանանց մրցումներում հաղթեցին Հնդկաստանի հավաքականները։
Տղամարդկանց պայքարում երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, երրորդում՝ Ուզբեկստանը։
Կանանց պայքարում երկրորդ տեղում Ղազախստանն է, երրորդում՝ ԱՄՆ-ը։
Շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադան մեկնարկել է սեպտեմբերի 11-ին Բուդապեշտում։ Ընդհանուր առմամբ անցկացվեց 11 տուր։