Զոհվածների ծնողները կրկին գիշերել են Եռաբլուրում, որպեսզի թույլ չտան Փաշինյանի մուտքը

Եռաբլուր
Վաղ առավոտից քաղաքացիներն այցելում են զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանությանը համար նահատակված հերոսների հիշատակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշերվանից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են, որպեսզի թույլ չտան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության մյուս ներկայացուցիչների մուտքը։
«Եթե անցյալ տարվա պատմությունը կրկնվի՝ սև ու կարմիր բերետներով մեր դեմը փակեն, կմտնի։ Քանի՞ կոպեկ արժի տենց մտնելը․․․ Վախեցած սպասում է՝ ծնողները գնան, նոր գա»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածների ծնողներից մեկը՝ խոսելով Փաշինյանի մուտքն արգելելու մասին։
Անկախության օրվա կապակցությամբ վաղ առավոտից Եռաբլուր են այցելում հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդդիմադիր գործիչներ, հասարակ քաղաքացիներ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած հերոսներին։
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է այցելեր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Եռաբլուր են այցելել նաև «Սրբազան պայքար» շարժման անդամները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, որտեղ սրբազանն աղոթք հնչեցրեց, այնուհետև ներկաները ՀՀ պետական օրհներգը երգեցին։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել