Պուտինը կատակել է, որ ՌԴ-ն աջակցում է Հարիսին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում. Լավրով

ԱՄՆ-ում իրական իշխանություն ունի այսպես կոչված «խորքային պետությունը»՝ էլիտաները, որոնք կառավարում են երկիրը անկախ նախագահից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է ՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանն աջակցում է դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Sky News Arabia-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստիժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կպաշտպանի Քամալա Հարիսի թեկնածությունը, «ինչպես խորհուրդ է տվել ներկայիս նախագահ Ջո Բայդենը»: Նա հումորով հավելել է, որ Հարիսը վարակիչ ծիծաղ ունի, ինչից կարելի է եզրակացնել, որ «նրա մոտ ամեն ինչ կարգին է»:
Լավրովը, մեկնաբանելով այս արտահայտությունը, նշելէ, որ Պուտինն իր ելույթներում հաճախ է կատակների դիմում: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ում ներկա և ապագա ընտրարշավների միջև տարբերություն չկա, քանի որ այնտեղ իրական իշխանություն ունի այսպես կոչված «խորքային պետությունը»՝ էլիտաները, որոնք ղեկավարում են երկիրը անկախ նախագահից:
«Դա կատակ էր։ Իրականում պետք է հույս դնել միայն սեփական ուժերի վրա, այլ ոչ թե հույս ունենալ, որ «բարի քեռին» կգա Սպիտակ տուն», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը նաև նշել է, որ Ջո Բայդենը ֆիզիկապես արդեն վաղուց ի վիճակի չէ լիարժեքորեն ղեկավարել երկիրը, սակայն համակարգը շարունակում է աշխատել: Այդ «մեքենան» ռազմական արշավներ է վարում ուկրաինական ռեժիմի միջոցով և արգելափակում է այլ տարածաշրջաններում հրադադարի ցանկացած փորձ: Օրինակ, Գազայի հատվածում։
Լավրովի կարծիքով՝ [ամերիկյան] համակարգը տրամադրված է պահպանել համաշխարհային գերիշխանությունը և վերացնել ցանկացած մրցակցի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը, լինելով նախագահ, բարյացակամություն էր ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ, նրա դեմ պատժամիջոցները շարունակում էին կիրառվել, հիշեցրել Է ՌԴ ԱԳ նախարարը: