Նաիր Տիկնիզյանն անցկացրեց 100-րդ հանդիպումը, Էդգար Սևիկյանը նշեց նորամուտը

Նաիր Տիկնիզյան
«Լոկոմոտիվի» սան Սևիկյանը տարիներ անց մեծահասակների թիմում անցկացրեց իր առաջնախաղը՝ մասնակցելով երեք գոլային հարձակման: Տիկնիզյանն ակումբային 100 հանդիպումներում դարձել է 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ (թեև հանդես է գալիս պաշտպանությունում):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Նաիր Տիկնիզյանը 100-րդ հանդիպումն անցկացրեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում, իսկ Էդգար Սևիկյանը թիմում իր նորամուտը նշեց Ռուսաստանի գավաթի շրջանակում «Խիմկիի» դեմ հաղթական խաղում:
«Երկաթուղայինները» հաղթեցին 5։1 հաշվով, ընդ որում` ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկած Սևիկյանն իր առաջին իսկ խաղում աչքի ընկավ արդյունավետ գործողություններով:
Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշը
Խաղադաշտ դուրս գալով՝ Սևիկյանը գրեթե անմիջապես մասնակցեց գոլային գրոհին, որից հետո «Լոկոմոտիվը» բացեց հաշիվը. Էդգարը մրցակցի երկու խաղացողների հետ պայքարեց գնդակի համար տուգանային հրապարակի մոտ և փոխանցեց գնդակը Թիմուր Սուլեյմանովին, որը դիպուկ հարված հասցրեց: Սևիկյանը սկսեց նաև հաջորդ երկու գոլային գրոհներն աջ եզրից դեպի տուգանային հրապարակ փոխանցումներով, իսկ խաղի վերջնամասում հենց ինքը գնդակն ուղարկեց դարպասի ուղղությամբ, բայց այն դիպավ դարպասաձողին։
Նշենք, որ Սևիկյանը «Լոկոմոտիվի» պատանեկան ակադեմիայի սան է, բայց հետո խաղացել է այլ թիմերում: «Լոկոմոտիվ» է եկել հունգարական «Ֆերենցվարոշից», որի հետ վերջերս նվաճել էր երկրի չեմպիոնի տիտղոսը:
Նաիր Տիկնիզյանի համար այս հանդիպումը թիմի կազմում 100-րդն էր: Այս ընթացքում Նաիրը դարձել է 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ (չնայած նա խաղում է պաշտպանությունում, բայց հաճախ է միանում գրոհներին): Նշենք, որ տևական ժամանակ խոսակցություններ են պտտվում, որ նրանով հետաքրքրված են եվրոպական ակումբները, սակայն Տիկնիզյանը շարունակում է հաջող խաղալ Ռուսաստանի առաջնության առաջատար թիմերից մեկում։
Հիշեցնենք` թե՛ Տիկնիզյանը, թե՛ Սևիկյանը, որոնք ռուսաստանյան թիմերի սաներ են, հանդես են գալիս Հայաստանի հավաքականում:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ–ի դասակարգման աղյուսակում