Մարտահրավերների դիմագրավման համար պետք է միասնական լինել. Գարեգին Բ–ն ուղերձ է հղել

Գարեգին Երկրորդ
Գարեգին Երկրորդը հորդորել է արժևորել անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասել ազգային, պետական և համընդհանուր շահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Պետության հզորացման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է միասնական լինելը, որպեսզի կարողանանք վերագտնել պանծալի հաղթանակների և հաջողությունների ուղին։ Այս մասին ասված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի` Անկախության տոնի առթիվ հղած ուղերձում։
Նա նշել է, որ առավել քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը վերահաստատեց իր անկախ պետականությունը` նախնյաց ավանդած սուրբ արժեքներով ապրելու, հայրենիքի լուսավոր գալիքը կառուցելու տեսլականով և հանձնառությամբ:
«Այսօր նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը, տեղահանված՝ Արցախի մեր զավակները, և անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին։ Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև»,– նշել է կաթողիկոսը։
Գարեգին Երկրորդն ընդգծել է, որ պետք է արժևորել անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասել ազգային, պետական և համընդհանուր շահը։
«Մեր հայցն է առ Բարձրյալն Աստված, որ խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, մեր ժողովրդին առաջնորդի արդարության ու համերաշխության ուղիներով՝ ապահով ու բարօր կյանք պարգևելով ազգիս ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։
Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել