ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Անկախության 33-րդ տարեդարձի առիթով Երախտագիտության մեդալով է պարգևատրել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեններին։
«Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն-կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Վալենտինի Բելոզյորովին, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վալերիի Մելնիկովին»,- նշված է նախագահի հրամանագրում։
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Լոռու մարզ՝ գնահատելու հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Նրանց ուղեկցում էին նաև ՀԿԵ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և «Ռուսական երկաթուղիների» փոխտնօրեն Վյաչեսլավ Պավլովսկին:
Այս տարվա մայիսին Լոռու և Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումները վնասներ էին հասցրել նաև երկաթուղու տարբեր հատվածներում, ընդհանուր՝ մոտ 2 կմ հատվածում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ իրականացված վերականգնման աշխատանքների համար ՀԿԵ-ն ընդհանուր առմամբ մոտ 2 միլիոն դոլար է ծախսել։