ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Երևանի Սեբաստիա փողոցի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 3 անձանցից 2-ն են հոսպիտալացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր` ժամը 16։40 սահմաններում, պայթյուն է գրանցվել Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող գազացակայանում, երեք մարդ է տուժել։
«Տուժածներից 1-ը չի հոսպիտալացվել, նրան տեղում շտապօգնության աշխատակիցներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Տուժածներից 2-ը տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ առաջին աստիճանի թեթև, ոչ խորը այրվածքներով»,- նշեց Ծատրյանը։
Նրա խոսքով՝ տուժածներն այսօր հավանաբար կմնան հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վաղը դուրս կգրվեն։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` 3 տուժածներն էլ տղամարդիկ են։ Հոսպիտալացվածները 28 և 33 տարեկան են։
Հիշեցնենք` ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության տեխնիկական հատվածում։