ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 245 մլն դրամի (630 հազար դոլար) օգնություն է հատկացրել «Align Technology IT» ընկերությանը։
Օգնությունը հատկացվել է կառավարության «Աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին» ծրագրի շրջանակում:
Միաժամանակ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում վերաբաշխումներ է կատարել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի բյուջեում։
«Ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ» միջոցառման («Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում» ծրագիր) բյուջեն կրճատվել է 2 մլրդ դրամով, իսկ «Փորձանմուշների արտադրություն» միջոցառման բյուջեն՝ 710 մլն դրամով: Փոխարենը 2 մլրդ դրամն ուղղվել է ՏՏ ընկերությունների պետական աջակցության ծրագրին։
2024 թվականին, նախնական հաշվարկներով, նախատեսվում է աջակցություն հատկացնել ընդհանուր առմամբ 40 կազմակերպության։ Առաջին փուլում հատկացվել է 1,5 մլրդ, երկրորդ փուլում՝ 2 մլրդ։
Նշենք, որ դեռևս 2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ոլորտի ընկերություններին 10 մլրդ դրամի օգնություն էր հատկացրել։ Կոնկրետ «Align Technology» ընկերությունը (որը մասնագիտացած է բժշկական ոլորտի տեխնոլոգիաների ոլորտում) մինչ վերջին դրամաշնորհն արդեն մոտ 930 մլն դրամ էր ստացել (2023-2024 թթ.-ին)։
Ի դեպ, 2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներով` ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 87-րդն է։
Հիշեցնենք, որ ՏՏ ընկերությունների աջակցության նախագիծը մեկնարկել էր 2022 թվականին՝ դրամի ամրապնդման հետևանքով այդ ընկերությունների կրած վնասների հետ կապված։
Սակայն ծրագիրը հասարակական լայն հնչեղություն ստացավ և այլ ոլորտների ներկայացուցիչների դժգոհությունն առաջացրեց։ Բացի այդ, «Հետքը» ավելի ուշ պարզեց, որ 210 հազար դոլարի աջակցություն ստացած ընկերություններից մեկը դադարեցրել է գործունեությունը, 4 ընկերություն լուծարման գործընթացում է եղել, ևս 14-ը ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը։
Հավելենք նաև, որ նշված 2 մլրդ դրամից աջակցություն են ստացել նաև այլ ընկերություններ՝ «Միրո Արմենիա»-ն (84,7 մլն դրամ), «Քիուորդս Սփերասոֆթ»-ը (54,9 մլն դրամ), «Լայթսփիդ Իսթ»-ը (15,6 մլն դրամ), «էքսթենսիվ»-ը (4,8 մլն դրամ), «Հեյզլթրի Արմ»-ը (30,6 մլն դրամ), «Օկտոհաբ»-ը (36,6 մլն դրամ):