ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանին շնորհավորել է անկախության 34-ամյակի կապակցությամբ, այնինչ այսօր ՀՀ անկախության 33-րդ տարեդարձն է):
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի շնորհավորական ուղերձը
© Photo
Հայաստանին ուղղված իր շնորհավորական ուղերձում նա Վաշինգտոնի անունից խոստացել է պաշտպանել կայուն և արժանապատիվ խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Բլինկենն իր ուղերձում նշել է, որ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիր (խմբ․ ՀՀ անկախությունն առաջինը ճանաչած երկիրը Թուրքիան է՝ 1991թ․ դեկտեմբերի 24, ԱՄՆ-ն ճանաչել է 1991թ․ դեկտեմբերի 25-ին)՝ Միացյալ Նահանգները հպարտ է մնալ Հայաստանի կողքին, քանի որ նա դառնում է «մեր ժողովրդավարական համայնքի բարգավաճող անդամը»։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ստեղծել է ներառական տնտեսություն, որն ավելի ու ավելի սերտորեն է կապվում աշխարհի հետ: Բլինկենի խոսքով՝ վերջին 10 տարում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի ծավալն ավելացել է մոտ երկու անգամ։
«Մենք աշխատում ենք Հայաստան էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման, տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա նաև խոսել է ԱՄՆ-ում ապրող մեծաթիվ հայ համայնքի շնորհիվ երկու երկրների միջև կապի ամրապնդման մասին։ Համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքով հնարավոր է հասնել ավելի նկատելի բարգավաճման երկու ժողովուրդների և ընդհանրապես տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի փոխկապակցված, կայուն և անվտանգ:
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգներն անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում:
«Մենք հարգում ենք լուրջ մարտահրավերների ժամանակ հաշվետու կառավարման և օրենքի գերակայության Հայաստանի հանձնառությունը»,- գրել է Բլինկենը։
Իր շնորհավորական ուղերձը նա եզրափակել է խոստումով, որ ԱՄՆ-ն շարունակելու է պաշտպանել հարատև և արժանապատիվ խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։