Որքա՞ն գումարով է «Տաշիրը» գնել ՀԷՑ–ը. Բաղրամյանը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանին

Էլեկտրական սյուներ
2012 թվականին` «Էլցանցերի» սեփականաշնորհման ժամանակ, ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դրանց համար վճարել է 40 մլն դոլարից ավելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկզբունքորեն կարևոր չի համարում, թե ինչ միջոցներով է տեղի ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» առքուվաճառքը։ Այդ մասին Ազգային ժողովում «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Քննարկումը կազմակերպել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ի դեպ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից ներկայացուցիչներ ներկա չէին։
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին` Բաղրամյանն ասաց, որ այդ թվերը հանձնաժողովին չեն հետաքրքրում, քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ չեն մտնում։
«2012 թվականին` «Էլցանցերի» սեփականաշնորհման ժամանակ, ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դրանց համար վճարել է 40 մլն դոլարից ավելի։ Այդ գումարը ներառվել է սպառողների սակագների մեջ։ Դրանից հետո գործարքների շղթայի միջոցով ցանցերի սեփականությունը «Ինտեր ՌԱՕ»– ից անցել Է «Տաշիր»–ի։ Այդ արանքում ով ում ինչ է վճարել, սակագնային տեսանկյունից չի հետաքրքրում, որովհետև դա սակագին չի դառնում և բաժանորդի վրա որևէ կերպ չի անդրադառնում։ Դրա համար էլ այդ մասը մեզ` որպես հանձնաժողով, չի հետաքրքրում»,– պարզաբանեց Բաղրամյանը։
Բաղրամյանը հիշեցրեց, որ նույն մոտեցումը կիրառվում է ոչ միայն ՀԷՑ–ի, այլ նաև էներգահամակարգի համակարգաստեղծ մյուս օբյեկտների նկատմամբ։