Կոմիտաս և Պիացոլա. թավջութակահար Նարեկ Հախնազարյանն անակնկալներ է խոստանում

Նարեկ Հախնազարյան
Երեկոյի հատուկ հյուրը լինելու է դաշնակահար Գեորգի Չաիձեն, որի հետ թավջութակահարը հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վաստակավոր արտիստ, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը սեպտեմբերի 22-ին մենահամերգ կունենա Երևանում, երեկոյի հատուկ հյուրը կլինի դաշնակահար Գեորգի Չաիձեն։ Հախնազարյանն այդ մասին պատմեց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Մենք Գեորգիի հետ շատ ենք միասին ելույթ ունենում բազմաթիվ համաշխարհային բեմերում, սակայն սա մեր առաջին համատեղ ելույթն է Հայաստանում», – ասաց թավջութակահարը։
Նարեկ Հախնազարյանն ու Գեորգի Չաիձեն
Նրա խոսքով` համերգային ծրագրում ներառված են Ռոբերտ Շումանի «Ադաջիո և Ալեգրո» և Ֆելիքս Մենդելսոնի «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար թիվ 2, ռե մաժոր» ստեղծագործությունները։ Հախնազարյանը նշեց, որ վերջին ստեղծագործությունը երաժիշտներն այնքան էլ հաճախ չեն նվագում, և իր համար կարևոր է այն Երևանում կատարելը։
«Համերգի երկրորդ հատվածը մի փոքր անսպասելի կլինի`ֆոլկլորային։ Քանի որ այս տարի նշվում է Կոմիտասի հոբելյանը, մենք որոշեցինք կատարել նրա ավելի քան 10 ստեղծագործությունները «մաքուր տարբերակով», այնպես, ինչպես դրանք գրել է կոմպոզիտորը», – ասաց երաժիշտն ու հավելեց, որ Գեորգի Չաիձեի պատվին կկատարեն նաև Սուլխան Ցինցաձեի «Հինգ պիեսը»։
Ծրագրի մեխը կդառնա արգենտինական տանգոն. երաժիշտները կկատարեն Աստոր Պիացոլայի «Oblivion» և «Le Grand Tango» ստեղծագործությունները։ Հախնազարյանը նշեց, որ երկու ամիս ապրել է Արգենտինայում և վարակվել տանգոյի գրավիչ ռիթմով։
Չաիձեն էլ իր հերթին ասաց, որ անհամբերությամբ է սպասել երևանյան համերգին. դեռ ուսանողական տարիներից Հախնազարյանի հետ ցանկացել են հանդես գալ Երևանում։ Չաիձե–Հախնազարյան դուետը դեռ ելույթ չի ունեցել Թբիլիսիում, և երաժիշտը չբացառեց նման հնարավորությունը։
Գեորգի Չաիձե
Նա հայտնեց, որ Երևանում ելույթ է ունեցել նաև 2016 թվականին։ Այդ ժամանակ մի քանի օր շուտ է եկել Հայաստան և հասցրել է շրջագայել ու այցելել տեսարժան վայրեր։
«Դա իմ կյանքի ամենաուժեղ տպավորություններից մեկն էր։ Ես ու Նարեկը շատ ենք հայկական երաժշտություն նվագում։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք նվագելուԿոմիտասի զարմանահրաշ երաժշտությունը նրա հայրենիքում», – ասաց դաշնակահարը։
Երկու երաժիշտներն էլ խոստովանեցին, որ ստեղծագործական լավ տանդեմ են ստեղծել, և տարաձայնություններ երբեք չեն առաջանում։
Եթե Սնուպ Դոգի համերգը տեղի չունենա, բոլոր գումարները կվերադարձվեն. ԿԳՄՍ նախարար