Իսրայելի հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան

Ավիահարված. արխիվային լուսանկար
Զոհերի վերաբերյալ հակասական տեղեկություններ են տարածվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելական հարվածի հետևանքով Լիբանանի հարավային հատվածում զոհեր ու վիրավորներ կան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի բանակն այսօր հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։Ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, հարձակման թիրախը եղել է «Հզբոլլահ» շարժման բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Հարվածը հասցվել է բնակելի շինությանը, որտեղ այդ պահին ընթացել է լիբանանյան շարժման ներկայացուցիչների և պաղեստինցի պաշտոնյաների հանդիպումը:
NNA գործակալությունը հայտնում է 5 զոհի մասին` նշելով, որ բոլորը երեխաներ են։
Լիբանանի առողջապահության նախարարությունն էլ հայտարարել է, որ 3 անձ է մահացել, 17 վիրավոր կա։
«Sky News»–ը գրում է, որ Իսրայելի նպատակը եղել է «Հզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Իբրահիմ Աքիլը։
Անցած գիշեր ՑԱԽԱԼ-ը մի շարք հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում։ Իսրայելական բանակի տվյալներով՝ հարվածների ընթացքում խոցվել է մոտ 100 արձակման կայանք և օբյեկտ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։
Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ: