ԵՐԵՎԱՆ, 20սեպտեմբերի – Sputnik. Վերջին երկու տարիներին նկատվող դոլարի փոխարժեքի նվազումը ՀՀ դրամի նկատմամբ ֆինանսական դրական ազդեցություն է ունեցել գազամատակարարման համակարգի վրա։ Ազգային ժողովում «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին։
ՀԾԿՀ–ն առաջարկել է ՀՀ կառավարությանը 20 մլրդ դրամ հատկացնել որպես «անվտանգության բարձիկ»։ Այդ միջոցները «Գազպրոմ Արմենիան» ծախսում է նոր ենթակառուցվածքների ստեղծման վրա։
Բաղրամյանն ընդգծեց, որ դրական արդյունքից էներգահամակարգում գոյացած միջոցների մի մասը նախատեսվում է ուղղել հայկական ԱԷԿ–ի վարկերի արագացված մարմանը։
Ամփոփելով` նա նշեց, որ այդ գումարները վերածվել են շրջանառու ֆոնդի, որը կարելի է օգտագործել որպես անվտանգության բարձիկ, եթե հետագայում հարկ լինի մեղմել սակագների աճը: